ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը 28 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ դիտորդ կուղարկի։ Այդ մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշատին։
Առաքելության ղեկավարն ընդգծել է, որ ԺՀՄԻԳ-ի դիտորդները առաջիկա շաբաթներին կհետևեն ընտրական գործընթացի բոլոր ասպեկտներին, ներառյալ՝ դրա համապատասխանությունը ազգային օրենսդրությանը, ընտրված վարչակազմերի պատրաստակամությանը, թեկնածուների գրանցման առաջընթացին, նախընտրական քարոզարշավին, ինչպես նաև ամբողջ գործընթացին՝ ընտրատեղամասերի բացումից մինչև ձայների հաշվարկ և արդյունքների ամփոփում:
Բուշատիի խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ընտրությունը դիտարկելու հրավեր են ստացել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ «Մենք մտադիր չենք որևէ ձևով վերահսկել ընտրական գործընթացը, միջամտել դրան կամ աջակցություն ցուցաբերել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ առաքելությունն իր գործունեությունն իրականացնելու է հնարավորինս թափանցիկ։
Առաքելության ղեկավարը նշել է նաև, որ նախնական եզրակացությունները կհրապարակվեն քվեարկության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք մամուլի ասուլիսում, իսկ վերջնական զեկույցը կներկայացվի ընտրությունից մի քանի ամիս անց։